Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

Այգին բետոնապատեցին, ծառերը, գազանանոցի գազանների նման, երկաթյա շրջանակների մեջ առան

Այգին բետոնապատեցին, ծառերը, գազանանոցի գազանների նման, երկաթյա շրջանակների մեջ առան
19.03.2024 | 07:34

Արևոտ, անուշ օր էր, իջել էի Մերգելյան՝ իմ մանկության թաղերը։ Մերգելյանի այգին լրիվ քարուքանդ են արել։ Խոսում են, որ ուզում են առաջվա այգին վերականգնել։ Ես էդ այգում եմ մեծացել։ Ինչքա՜ն ենք խաղացել այգու խոտերի ու ծառերի մեջ։ Հետո այգին բետոնապատեցին, ծառերը՝ գազանանոցի գազանների նման, վանդակների ու երկաթյա շրջանակների մեջ առան, շուրջները սեղան-աթոռ շարեցին ու սրճարան սարքեցին, կարուսել-մարուսել դրեցին՝ էլի վանդակների մեջ, ինչ-որ խցիկներ, վագոններ ցցեցին այգու մեջտեղում: Ու սկսեցին ամեն սանտիմետրից փող քամել՝ հետսովետական ազատ քրեական հարաբերությունների օրենքներով։ Երբ այգով անցնում էի, ինձ թվում էր, թե այգին բանտարկել են՝ բետոնախեղդ, վանդակներով, շղթաներով ու կողպեքներով կապկպած:

Իմ մանկության տունն այգու ձախ կողմի շենքերում է։ Երբ մոտով անցնում եմ, բակ չեմ մտնում։ Շատ է փոխվել, անճանաչելի է դարձել, տխրում եմ։ Բայց էս անգամ, չգիտեմ՝ մտքովս ինչ անցավ, քայլերս թեքեցի ու բակ մտա։

Սկզբում ոչ մի տարօրինակ բան չնկատեցի, բայց հետո հանկարծ... Ա՜յ քեզ բա՜ն, ախր, սա մեր հին բակն է, իմ մանկության հարազատ բակը հետ է եկել՝ նույնությամբ։ Վերջերս հայտնված գարաժ-մարաժ, անճոռնի օբյեկտներ, առաջ տված պատեր, բոլորը վերացել են, չկան։ Էլի մեր մուտքի դռան կողքը բակի կատուները, քարին թառած, բամբասում են անցնող-դարձողից։ Վա՜յ քեզ, որ ուտելու բան չտաս. մյուս օրն ամբողջ բակը կիմանա, որ դու Նոնայի հետևից նայել ես։ Իսկ ասֆալտին, ինչպես միշտ, կավիճով բան կա գծած. կարելի է անսխալ որոշել, թե երեխեքը երեկ ինչ խաղ են խաղացել։ Լյովիկի պապան էլի քանդել է մոնղոլ-թաթարական արշավանքի ժամանակներից մնացած «Մոսկվիչը», որ արդեն մի քսան անգամ ամբողջ բակի աչքի առաջ լրիվ ստրիպտիզի է ենթարկվել, մաշված շորերով հին-շոր-հին-կոշիկը նստել է նստարանին, պարկը դրել գետնին ու հանգստանում է, իսկ ներքևի բակից էլի լսվում է լիազոր Ժենիկի անդուր ճվճվոցը։ Ա՜յ քեզ բա՜ն, էս ի՜նչ հրաշք էր․․․

Պուլպուլակի կողքը գիժ Գևորն է կանգնած՝ իմ մանկության տարիների ահ ու սարսափը։ Կանգնած ինձ է նայում։

- Գևո՛ր, բա դու չես մեռե՞լ։

- Վաղուց եմ մեռել։

- Բա ի՞նչ ես անում ստեղ։

- Ասեցին, որ գալու ես, ձեր թթի ծառը հետ եմ բերել, որ մի քիչ ուրախանաս։

Հա՛, էլի, մեր հսկա, փարթամ թթի ծառն էլի ճյուղերը տարածած՝ հպարտ կանգնած է իր տեղում։ Մեր բակի նահապետը։ Ինչքա՜ն ենք մագլցել, խաղացել նրա հաստ ճյուղերի վրա, ինչքա՜ն ենք բռերով բերաններս լցրել նրա քաղցր պտուղները։ Իսկ ծառի տակ՝ երկաթյա նստարանին նստած, բակի մեծերը, գլորվող զառի ու նարդու ճարճատող քարերի համաչափ զինվորական թմբկահարվածների տակ, պատմում էին հեռավոր, անիրական թվացող ժամանակների մասին, որ մենք լսում էինք առասպելի նման: Մեր թթի ծառը․․․ Հետո թթի ծառը կտրեցին, մնաց նրա հաստ, գլխիկոր կոճղը՝ կիսատ մնացած պատմության նման։

Իսկ ծառի կողքին մեր փարթամ անտառն էր հարություն առել։

- Գևո՛ր, մեր անտառը լավն ա, չէ՞։ Ափսոս՝ հիմա փոքրացել ա, կծկվել։

- Ծառերի մեծ մասը կտրել են։

Երբ բակը նոր էր, մեծերը որոշեցին բակի մի մասում ծառեր տնկել, որ մենք մեր պուրակն ունենանք։ Մի օր հավաքվեցին, ու սկսվեց ծառատունկը։ Հողը փորում էին, տնկիները դնում, ջրում, խոսում-զրուցում, կատակում։ Ամբողջ բակը մասնակցում էր։ Ասես տոն լիներ՝ շքերթի օր։ Ես չորս-հինգ տարեկան էի, ոտի տակ էի ընկնում, բայց չէին քշում։ Երբ արդեն դպրոց էի գնում, ծառերն ահագին մեծացել էին ու դարձել սաղարթապատ պատանիներ։ Դա մեր բակի անտառն էր, որ ներքևի բակը բաժանում էր վերևի բակից։ Անտառում արջ էլ կար. Հակոբը, որ խմում էր, անտառ մտնելը վտանգավոր էր։ Հակոբը հաղթանդամ մարդ էր ու շատ բարի, բոլոր երեխեքին անուններով, ծնողներով, պապուտատով գիտեր, բայց, որ խմած ժամանակ թաթը դներ ուսիդ, կարող է թղթի նման ճմռթեր՝ ոսկոր-մոսկոր կփշրեր։

- Գևո՛ր, Հակոբը կա՞, գիտե՞ս։

- Չէ՛, չգիտեմ, վաղուց չի երևում։ Երևի չկա, ինչքա՜ն ժամանակ ա անցել։

Քայլեցինք դեպի Յուրայենց տուն։ Յուրայենց տունը վագոնի նման մի հյուղակ էր. հիմա դրա տեղն ասֆալտ է։ Յուրան գնդակը գցում էր հինգհարկանի շենքի վրայով, հետո դալանից վազում էր շենքի մյուս կողմն ու բռնում։ Ինձնից մի հինգ տարով մեծ էր։ Ռուս էր, բայց մաքուր հայերեն էր խոսում։ Խմող հոր հետ ապրում էր էդ փայտե հյուղակում, որ կցավագոնի նման կառչած էր Թաթոսենց տան քարե պատից։ Հետո Յուրայենց տունն այրվեց. մեծ հրդեհ էր։ Հարևանները վերևի հարկերի պատուհաններից թասերով, դույլերով ջուր էին լցնում, մինչև հրշեջները հասնեին, բայց չօգնեց, տունը լրիվ այրվեց, մոխիր դարձավ։ Երբ պատերը չկային, նոր միայն երևաց, թե տունն ինչքան փոքր ու անհարմար է։ Ո՜նց են ապրել էս վագոնի մեջ։ Դրա մեջ ապրել չէր լինի, մենակ կարելի էր ճանապարհորդել, էն էլ՝ կարճ՝ մի քանի օր։ Ես վերջին անգամ Յուրայի հորը տեսա մոխիրների մեջ՝ փայտե արկղի վրա նստած։ Խմած ինչ-որ գիրք էր թերթում՝ այրված եզրերով։ Ինձ տեսավ, անհասկանալի մի բան քրթմնջաց ու էլի խորասուզվեց գրքի մեջ։ Հետո Յուրայենք գնացին մեր բակից։

Իսկ գրողների շենքը հենց մեր դիմացն էր՝ բակի մյուս կողմում։ Միջանցիկ մուտք ուներ, որով դուրս էիր գալիս Կասյան։ Դա համ էլ գրողների պոլիկլինիկայի մուտքն էր, ուր կարելի էր մտնել համ բակից, համ փողոցից։ Ես էդ մուտքով մեկ-մեկ Կասյան էի դուրս գալիս, փողոցն անցնում ու հաց առնում։ Կասյանի հացի խանութը մեծ էր, հաց, բուլկի, խմորեղեն կար, իսկ մեր Մերգելյանի այգու խանութում էդքան մեծ ընտրություն չկար։ Ես հաճախ մեր բալկոնից երկար նայում էի գրողների պատուհաններին։ Պատկերացնում էի, թե ոնց են գրողները գիրք գրում։ Նրանց գրած գրքերը ես հետո կարդում էի։ Գրքի ծնունդն ինձ համար հրաշքի նման մի բան էր, ու շատ հետաքրքիր էր նայել պատուհաններին, որոնց հետևում գրքեր են ծնվում։

Թթի ծառի վրա կողք-կողքի նստած երկու ագռավ սկսեցին բարձր-բարձր՝ ձենները գլուխները գցած, կռկռալ։ Ասա՝ մի քիչ ցածր կռկռացեք, է՛լի, հո խուլ չեք՝ իրար կողք նստած եք։ Գևորը ձեռքը դրեց ուսիս.

- Դե, ես գնամ, արդեն ուշ ա։

- Գևո՛ր, էլի կգա՞ս։

—-Չգիտեմ, եթե ստացվի, կգամ։ Բայց դու մի՛ խուսափի ձեր բակից, երբ կողքով անցնում ես, մտի՛։ Ճիշտ ա, շատ ա փոխվել, անճանաչելի ա դարձել, բայց մեկ ա, քո մանկությունը շրջում ա էս բակում, կարոտում ա քեզ։ Մեղք ա, մտի՛, մի հատ գրկի՛, թող կարոտն առնի։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 7437

Մեկնաբանություններ